Նոր տարին Անգլիայում

Եվրոպացիները եւս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Ամանորյա հայկական մաղթանքներ

big_1356500843_8070828

1990թ. «Հանրագիտակ-օրացույցից»
Թող Նոր տարում խաղաղության մեջ պայթեն ու ճայթեն բոլոր բողբոջները` և նուռը կարմիր, և խնդությունը մարդկային հոգու, և հիացք ու զարմանք պատճառող ամեն տեսակ շնորհք ու տաղանդ:
Թող ամենալավն ու խաղաղավետը լինեն Նոր տարվա առաջին օրը, հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը:
Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը: Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երևում, ունեցածը` հազարապատիկ շատ:
Մաղթենք, որ Ամանորը անկատար չթողնի ոչ մեկի բարի ցանկությունը:
Նոր տարի, գալդ բարի, խաղաղալից ու պտղալից եղիր:
Ամանոր, թող խաղաղությամբ անցնեն մարդկային կյանքի բոլոր օրերը: Այնպես արա, որ պատանին չշտապի տարեց դառնալու, ոչ էլ տարեցը ժամանակից շուտ հևասպառ դառնա ծերության լանջերին:
Նոր տարին խաղաղություն է, խաղաղությունը` Նոր տարի:
Նոր տարին մարդուն դարձնում է առավել բարի, առույգ, մարդամոտ, երազկոտ; Մաղթենք, որ նա այդպիսին մնա մինչև տարեվերջ  և հաջորդ բոլոր տարիներին:
Ամանոր, խաղաղության մեջ պահիր համայն աշխարհը և առանձին-առանձին ամեն տուն, և թող ծիծաղն անպակաս լինի ամենքի դեմքից:

Հայկական Ամանորի պատմությունից

big_1356500843_8070828

Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռևս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեզ պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության դեպքում էլ Նոր տարին  Հայաստանում ամենևին էլ տխուր չի եղել։Նոր տարվա հայկական անվանումն ինքնին՝ Ամանորը, շատ գեղեցիկ մի առասպել ունի:

Հին առասպելի համաձայն` հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ Նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եվ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել; Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում, ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում: Մեր նախնիները Նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հատուկ բլիթներ էին թխվում. եթե հետաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով եւ այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եվս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, եւ մինչեւ Սուրբ ծնունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել:

Հայկական Ամանորից

Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվի

Ամանորը տարվա տոներից, թերևս, ամենասիրելին է: Հատկանշական է, որ հայկական ավանդական ամանորյա խոհանոցի մի շարք կերակուրներ այսօր էլ տեղ են գտնում մեր սեղաններին:

Ամանորի առիթով հայերը ոչ միայն լավ մաքրում էին տունը, այլև’ ախոռը: Ոչ միայն տան անդամներն են նոր հագուստ հագնում, այլև անասունների եղջյուրներից կարմիր ժապավեն են կապում’ գալիք տարին ուրախ անցկացնելու ցանկությամբ: Ամանորը դիմավորելու հին ավանդույթներից կարելի է ասել չի պահպանվել միմյանց խնձոր (ներսում մետաղադրամ) նվիրելու սովորույթը: Փոխարենն այսօր նվիրում են, օրինակ’ հագուստ, կենցաղային իր, հուշանվեր և այլն:

Ավանդույթներն ըստ շրջանների

Անցյալում Շիրակում տարեհացը կտրելուց առաջ տան պառավն այն վերցնում, թոնրատան երդիկի շուրջ երեք անգամ պտտվում էր, ապա երդիկից գցում քուրսու վրա:

Թբիլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը չիք էր կոչվում, մյուսը`էգ: Էգը պահում էին ալյուրի մեջ, որպեսզի առատանար, իսկ չիքը գցում էին ջուրը, որպեսզի անցնող տարվա նման չքանար:

Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլխին, մյուսները ավագության կարգով մոտենում էին նրանց` համբուրում էին մեծահասակների ձեռքերը, շնորհավորում նրանց Ամանորը և նվերներով փոխանակվում:

Համշենում ընդունված էր շնորհավորել ամեն ինչ` իրար շնորհավորելուց բացի. շնորհավորում էին գոմերն ու անասունները, մթերանոցները և մաղթում բախտ ու հաջողության: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ հունվարի առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները:

Ախալքալաքում հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում էին ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում:

Լոռեցիները հավատում էին, որ տարեմուտի կեսգիշերին գետերը մի պահ կանգ են առնում, և ով այդ պահին հասցներ ջուր վերցնել` կհարստանար: Այստեղ կար նաև մեկ այլ հետաքրքիր սովորույթ. հին տարվա վերջին օրը տուն էին բերում մի մեծ գերան` տարեմուտի գերանը, դրանով օջախը վառում էին Նոր տարվա առաջին օրից մինչև Ծննդյան երեկոն, ապա գերանի մոխիրը շաղ էին տալիս հանդերում` կանխելով կարկուտը և ապահովելով բերքի առատությունը: Այս սովորույթը մինչև օրս պահպանվում է: Հիմա էլ օջախը վառ են պահում և տուն մտնող հյուրերին խնդրում, որ յուրաքանչյուրը մի տաշեղ գցի կրակի մեջ:

Նվերների փոխանակում

Հնում Ամանորը շնորհավորելու հետաքրքիր սովորույթ է եղել. բարեկամներն իրար տուն այցելելիս նվիրել են հատիկեղենով ճաշեր և քաղցրեղեն: Իսկ փեսացուն իրհարսնացուին նվիրել է խնձոր, իբրև պտղաբերության ևսիրո խորհրդանիշ: Կանայք իրենց հերթին սրբազան ծառերի ճյուղերին կարմիր կտորներ ու թելեր են կապել, որպեսզի գալիք տարին ուրախ ու առատ լինի` կարմիր-ուրախ-բախտավոր օրեր շատ լինեն: Իսկ հայկական Ամանորի տոնածառը զարդարվում էր չոր ճյուղի վրա գունավոր թելերից կախելով մրգեր, չրեր ու խմորեղեններ:

Մեր պապերը Ամանորին ուտում էին միայն բուսական ծագում ունեցող ուտեստներ: Քանի որ Ամանորը Սուրբ Ծննդից առաջ էր լինում` 7-օրյա պասի շրջանում, հետևաբար Ամանորի կերակրացանկից բացառված էին կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի ուտեստները:

Սակայն դա չի նշանակում, որ սեղանները լի ու առատ չէին: Այնուամենայնիվ, Ամանորի խմորեղենի մեջ չէր օգտագործվում կաթնային ծագում ունեցող մթերք կամ ձու, իսկ սառն ու տաք ճաշատեսակները պատրաստում էին տարաբնույթ ընդեղենից ու հատիկեղենից:

Շատ տարածված է եղել հատիկեղենից ու ընդեղենից պատրաստված կոլոլակները, ինչպես նաև պասուց ճաշատեսակները:

Ժամանակակից Ամանորի սեղանները թերևս ժառանգել են միայն պասուց դոլման: Նախկինում ամանորյա սեղանները իրենց ճոխությամբ տոնական էին և ֆինանսական մեծ բեռ չէին տանտիրոջ համար, քանի որ մարդիկ սեղանին էին դնում ողջ տարին իրենց մշակած ու ամբարած բարիքը: Ի դեպ, այս շրջանում էին նաև տոնվում հարսանիքները, քանի որ տունը բերք ու բարիքով լի էր:

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

 

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից, շարունակություն

ea7d0004464c99d60d10cb62d8608faf

Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Ս. Ծննդյան տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:
Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել «Դրախտի ներկայացում»-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: «Դրախտի ներկայացում»-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:
Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Ս. Ծննդյան տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Ս. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:


Եղևնին
 անմահության և հավերժ կյանքիվերածննդիանթառամության, առողջության, երկարակեցության, հավատարմության, ազնվության և համբերության  խորհրդանիշ է: Հնուց  մարդիկ հավատում էին, որ եղևնին  պաշտպանում է տունը չար ուժերից: Ձմեռային արևադարձի ժամանակ հին գերմանացիները առաստաղից հատուկ կախում էին եղևնու ճյուղերը, որպեսզի  մաքրեն իրենց տունը: Շուտով եղևնու ճյուղերին փոխարինեցին ամբողջական  ծառերը: Եղևնին արմատից  կախում էին առաստաղից, այն խորհրդանշում էր երկիրն լուսավորող արևը, իսկ ծառի արմատները` ամեն ինչի  հիմքը: Այսպիսով երկրայինը  դառնում է երկնայինի արտացոլումը: Գերմանացի ժողովուրդների մեջ եղել է հնագույն սովորություն` Ամանորին գնալ անտառ, որտեղ նախօրոք ընտրված եղևնին զարդարում էին մոմերով, գունավոր կտորներով, և ամանորյա ծեսը  կատարում էին դրա շուրջը:

Ժամանակի ընթացքում եղևնիները սկսեցին կտրել և բերել տուն, որոնք տեղադրվում էին սեղանի վրա: Ծառին ամրացնում էին մոմեր, խնձորներ, քաղցրավենիքներ:

Գերմանացիների մկրտությունից հետո այդ սովորույթներն ու ծեսերը  ստացան  քրիստոնեական իմաստ, և տներում տեղադրված տոնածառերը դարձան Սուրբ Ծննդյան տոնի Ճրագալույցի  պարտադիր ատրիբուտ:

Այժմ այդպիսի եղևնին կոչվում է Սուրբ Ծննդյան  տոնածառ: Սուրբ Ծննդյան  հանդիսություններում ներգրավված են  ոչ միայն մեծահասակները, այլև ավելի ու ավելի շատ երեխաներ:
Տոնածառը զարդարելու ավանդույթըինչը մենք անում ենք նաև այսօր, սկիզբ է դրել գերմանական հայտնի բարեփոխիչ Մարտին Լյութերը: Սուրբ Ծննդյան նախօրեին, տուն վերադառնալիս,  նա հիանում էր երկնքի գեղեցկությամբ: Աստղերը փայլոմ էին նույնիսկ ծառերի ձնառատ ճյուղերի միջից, ասես բոցկլտում էին սաղարթները: Տանը Մարտինը սեղանին է դնում եղևնին, զարդարում մոմերով, իսկ գագաթին` աստղ` ի հիշատակ  Բեթղեհեմյան աստղի: Մարտին Լյութերը գրել է. «Ինչպես հավերժական Աստվածն է  մարմնավորված փոքրիկ երեխայի կերպարում, այնպես էլ մշտադալար եղևնին մտնում է մեր տուն` ավետելու Քրիստոսի Ծննդի ուրախությունը»:

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք  

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա մի ոտքի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ էին տարբեր խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր` երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունից

Պահպանվել են շատ լեգենդներ, որոնցից յուրաքանչյուրն յուրովի է ներկայացնում Ամանորյա տոնածառի պատմությունը: Ահա դրանցից մի քանիսը.
Ամանորյա գիշերը բոլոր բույսերը գնացել էին Բեթղեհեմ`երկրպագելու մանուկ Հիսուսին: Առաջինը եկել էին արմավենիները, այնուհետև տարաշխարհիկ ծառերը`հաճարենիները, բարդիները, թխկիները, կաղնիները, մագնոլիաները, կեչիները, էվկալիպտները, հսկա կարմիր ծառերը և բարձր մայրիները: Իսկ հեռավոր ցուրտ հյուսիսից եկել էր փոքրիկ եղևնին, որը այդ վեհասքանչ ծառերի մոտ շատ համեստ էր: Ծառերն ամեն կերպ փորձում էին թաքցնել եղևնուն Աստվածային Մանուկից: Բայց հանկարծ երկնքում հրաշք է կատարվում. սկսվում է աստղերի շարժումը: Նրանք սկսում են ընկնել գետնին, և մեկը մյուսի վրա ընկնելով, իջնում են փոքրիկ եղևնու ճյուղերին, մինչև նա չի փայլատակում հարյուրավոր լույսերով: Այդպես եղևնին դառնում է տոնածառ:

Մեկ այլ լեգենդի համաձայն` հրեշտակները գնացել էին անտառ` տոնածառ ընտրելու: Սկզբում նրանք ուզում էին ընտրել ամենակարող կաղնուն: Բայց հրեշտակներից մեկն ասում է. «Ոչ, մենք չենք կարող ընտրել կաղնուն, քանի որ այն չափազանց պինդ և չափազանց փխրուն փայտ ունի, բացի այդ, կաղնուց են պատրաստվում գերեզմանների խաչերը» : Այնուհետև հրեշտակները շարունակում են ճանապարհը և մոտենում հաճարենուն: Սակայն երկրորդ հրեշտակը ասում է.« Հաճարենին մենք նույնպես չենք կարող ընտրել, քանի որ աշնանը այն շատ վաղ է թոշնում և արագ կորցնում իր սաղարթը»: Երբ նրանք մոտենում են բարդուն, երրորդ հրեշտակն ասում է. «Բարդին նույնպես հարմար չէ , քանի որ նրա ճյուղերը սովորաբար որպես խարազան են օգտագործում մեղավորներին պատժելիս»: Նույն կերպ մերժվում է նաև ուռենին, քանի որ չորրորդ հրեշտակի կարծիքով` գրեթե միշտ լացող ծառը չի կարող ուրախության խորհրդանիշ լինել: Վերջապես հրեշտակները մոտենում են եղևնուն: Նրա մշտադալար ծածկույթը, վայելչակազմությունը, փշատերևի հաճելի բուրմունքը հիացնում են նրանց:
Այդպես եղևնին դառնում է Սուրբ Ծննդյան ծառը:

Եղևնին անմահության և հավերժ կյանքի, վերածննդի, անթառամության, առողջության, երկարակեցության, հավատարմության, ազնվության և համբերության խորհրդանիշ է: Հնուց մարդիկ հավատում էին, որ եղևնին պաշտպանում է տունը չար ուժերից: Ձմեռային արևադարձի ժամանակ հին գերմանացիները առաստաղից հատուկ կախում էին եղևնու ճյուղերը, որպեսզի մաքրեն իրենց տունը: Շուտով եղևնու ճյուղերին փոխարինեցին ամբողջական ծառերը: Եղևնին արմատից կախում էին առաստաղից, այն խորհրդանշում էր երկիրն լուսավորող արևը, իսկ ծառի արմատները` ամեն ինչի հիմքը: Այսպիսով երկրայինը դառնում է երկնայինի արտացոլումը: Գերմանացի ժողովուրդների մեջ եղել է հնագույն սովորություն` Ամանորին գնալ անտառ, որտեղ նախօրոք ընտրված եղևնին զարդարում էին մոմերով, գունավոր կտորներով, և ամանորյա ծեսը կատարում էին դրա շուրջը:

Ժամանակի ընթացքում եղևնիները սկսեցին կտրել և բերել տուն, որոնք տեղադրվում էին սեղանի վրա: Ծառին ամրացնում էին մոմեր, խնձորներ, քաղցրավենիքներ:

Գերմանացիների մկրտությունից հետո այդ սովորույթներն ու ծեսերը ստացան քրիստոնեական իմաստ, և տներում տեղադրված տոնածառերը դարձան Սուրբ Ծննդյան տոնի Ճրագալույցի պարտադիր ատրիբուտ:

Այժմ այդպիսի եղևնին կոչվում է Սուրբ Ծննդյան տոնածառ: Սուրբ Ծննդյան հանդիսություններում ներգրավված են ոչ միայն մեծահասակները, այլև ավելի ու ավելի շատ երեխաներ:

Տոնածառը զարդարելու ավանդույթը, ինչը մենք անում ենք նաև այսօր, սկիզբ է դրել գերմանական հայտնի բարեփոխիչ Մարտին Լյութերը: Սուրբ Ծննդյան նախօրեին, տուն վերադառնալիս, նա հիանում էր երկնքի գեղեցկությամբ: Աստղերը փայլոմ էին նույնիսկ ծառերի ձնառատ ճյուղերի միջից, ասես բոցկլտում էին սաղարթները: Տանը Մարտինը սեղանին է դնում եղևնին, զարդարում մոմերով, իսկ գագաթին` աստղ` ի հիշատակ Բեթղեհեմյան աստղի: Մարտին Լյութերը գրել է. «Ինչպես հավերժական Աստվածն է մարմնավորված փոքրիկ երեխայի կերպարում, այնպես էլ մշտադալար եղևնին մտնում է մեր տուն` ավետելու Քրիստոսի Ծննդի ուրախությունը»:

XVIII-XIX դարերում տոնածառի զարդարման ավանդույթը տարածվեց ոչ միայն Գերմանիայում, այլև` Անգլիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում, Դանիայում, իսկ Պետրոս I-ի օրոք` նաև Ռուսաստանում: 1699 թվականին առաջին ռուսական կայսրը ստորագրում է հրամանագիր, ըստ որի մտնում է նոր տարեգրություն` Քրիստոսի Ծնունդը, իսկ Նոր տարին պատվիրում է տոնել եվրոպացիների նման` հունվարի 1-ին: Պետրոս I-ի հրամանագրով Մոսկվայի բոլոր բնակիչներին հանձնարարվել էր տոնել Նոր տարին. գիշերը խարույկ վառել, հրավառություն կազմակերպել, շնորհավորել միմյանց, զարդարել տները փշատերև ծառերով: Պետրոս I-ի մահից հետո այլևս տներում ամանորյա եղևնիներ չէին դնում: Միայն պանդոկների տերերն էին իրենց տները դրանցով զարդարում, բայց այս տոնածառերը մնում էին պանդոկներում կլոր տարին, այստեղից էլ «եղևնիներ-փայտիկներ»` «елки-палки արտահայտությունը:

Ամանորի տոնակատարությունները և Սուրբ Ծննդյան ծառեր դնելու սովորույթը վերածնվեցին Եկատերինա II-ի օրոք: Իսկ Սուրբ Ծննդյան ծառերի զարդարումը միայն XIX դարի կեսերին: Ենթադրվում է, որ Սանկտ Պետերբուրգում առաջին տոնածառը դրվել էր այնտեղ ապրող գերմանացիների կողմից: Այդ սովորույթը այնպես դուր եկավ պետերբուրգցիներին, որ նրանք նույնպես սկսեցին տոնածառ դնել իրենց տներում: Այստեղից էլ այս ավանդույթը տարածվեց ամբողջ երկրով մեկ:

Անգլիայում, տոնածառ զարդարելու ավանդույթը իր հետ բերեց Վիկտորիա թագուհու ամուսին Ալբերտ Սաքսոնիա-Կորբուրգը 1841թվականին: Գրեթե 10 տարի անց` ամբողջ Մեծ Բրիտանիան, արքայական ընտանիքի օրինակով, սկսեց զարդարել եղևնին և նրա շուրջը կազմակերպել ընտանեկան հանդիսություններ ու մանկական տոնակատարություններ:

Ամերիկայում տոնածառ դրվեց նույն ժամանակում, ինչպես Անգլիայում: Այս սովորույթը տարածվեց նաև գերմանացի արտագաղթողների միջոցով: Պերճաշուք ծառը` զարդարված մոմերով և նվերներով, կայուն տպավորություն է թողնում գերմանացիների հարևանների վրա: Եվ արդեն բառացիորեն հաջորդ տարի բոլորն ուզում էին ունենալ իրենց տներում նույն ծառերից: Իսկ 1848թ.-ին Նյու-Յորքում հայտնվեց առաջին տոնածառ վաճառողը: Այդպես սկիզբ առավ Ամանորյա շուկան:
Թարգմանությունը` 1-ին կուրսի սովորող Մերի Հաջյանի