
Ռասիզմ, ռասայականություն, ցեղապաշտություն, սոցիալական և էթնիկական խմբերի, դասերի, դասակարգերի և պետությունների միջև հարաբերությունների տիպ, որի բնույթը գիտակցվում և ուղղություն է ստանում սոցիալական և մշակութային տարբերությունները մարդաբանական հատկանիշներով բացատրող գաղափարներով։ Ներկայանում է որպես գիտակցական կամ անգիտակցական համոզմունք մեկ ցեղի (ռասայի) մյուսի նկատմամբ ունեցած հատուկ գերակայության մասին։ Սահմանումը ենթադրում է, որ նախ «վերին» ռասան իրավունք ունի գերիշխել, գործադրել իշխանություն «ստորին» համարվող ռասաների նկատմամբ, ապա՝ ցեղապաշտությունը պարունակում է անհատների ու խմբերի թե՛ վարքագիծը, թե՛ վերաբերմունքը։ Ռասայական սաղմերը նկատվում են առաջին մարդկային հանրույթների «մշակութային էթնոցենտրիզմի» մեջ, երբ դրանցից յուրաքանչյուրը իրեն վեր էր դասում շրջապատող «բարբարոսներից» և դրանով արդարացնում նրանց ստրկացնելը։ Բուն ռասայական տեսությունները ծագել են գաղութատիրության դարաշրջանում՝ ձևավորվող մարդաբանության շրջանակում, առաջին ուսմունքի հիմնադիրը Գոբինոն (Gobineau, 1816—1882) է, որի գաղափարները զարգացրել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում են։ Հիմնական ռասայական հատկանիշի ընտրության տարբերությունների հետ մեկտեղ ռասայական բոլոր տեսություններին բնորոշ է ոչ սպիտակամորթ ռասաների ներկայացուցիչներին «ստորին կարգի» մարդ համարելը, որոնք իբր ընդունակ չեն ստեղծելու բարձր զարգացած մշակույթ, հետևաբար հարկադրված են վերցնելու այն «բարձր» ռասաներից։ Սրանից ելնելով շահագործումը և գաղութատիրությունը մեկնաբանվել են որպես քաղաքակրթության ներմուծում։ Ռասիստական գաղափարների հիմքում ընկած են սոցիաական դարվինիզմը, մաչթուսականությունը և եվգենիկան։ Ռասայականության մարմնավորման բարձրակետը գերմանական ֆաշիզմն էր, որը ռասայականությունը հռչակեց պաշտոնական գաղափարախոսություն՝ այն ծառայեցնելով իր հրեշավոր ոճրագործությունները հիմնավորելուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռասիստական գործելակերպի են դիմել ճապոնացի միլիտարիստները Չինաստանում և ասիական այլ երկրներում, իտալացի ֆաշիստները՝ Եթովպիայում, Ալբանիայում, Հունաստանում։ Ժամանակակից կապիտալիստական երկրներում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, հատկապես ՀԱՀ) պահպանվել են ռասայական խտրականությունը, սեգրեգացիան, ապարտհեյդը, շատ դեպքերում նաև ցեղասպանությունը։ Հարելով իմպերիալիզմի գաղափարախոսներին՝ մաոիստները իրենց մեծապետական նկրտումները արդարացնելու համար քարոզում են Ասիայի ժողովուրդներիռասայական միասնության և Չինաստանի (որն իբր կոչված է լինելու համաշխարհային պատմության հեգեմոնը) բացառիկ դերի մասին ուսմունքը։ ՍՍՀՄ-ում և սոցիալիստական համագործակցության երկրներում սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման փորձը, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների սոցիալ-տնտեսական և մշակութային հաջողությունները ապացուցում են «բարձր» և «ստորին» ռասաների գոյության և պատմության ռասայական պայմանավորվածության մասին ըմբռնումների անհիմն լինելը։ ՄԱԿ-ը ընդունել է մի շարք որոշումներ և բանաձևեր, որոնցում դատապարտել է ռասայականությանը։ Յուրաքանչյուր տարվա մարտի 21-ը նշվում է որպես ռասայական խտրականության վերացման համար պայքարի միջազգային օր, 1971-ը հայտարարվել է ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ համաձայնեցված գործողությունների միջազգային տարի, 1974—1984-ը՝ ռասայականությանյան դեմ առավել արդյունավետ պայքարի տասնամյակ