Սովորել սովորեցնել. կյանքում և կյանքի համար
Ասել, որ ժամանակակից դպրոցը սովորողի կյանքում այդքան էլ կարևոր դեր չունի, ճիշտ չի լինի։ Դպրոցը բոլոր ժամանակներում, նաև՝ այսօր, վաղը, առանցքային դերակատարում ունի երեխայի, պատանու կրթական գործի կազմակերպման, ուսուցման գործընթացում։
Պարզ է, որ դպրոցը միակ կառույցը չէ, որը կազմակերպում է երեխայի կրթությունը. այսօր հմտությունների փոխանցման տարբեր հաստատություններ-ենթակառույցներ-ծրագրեր կան՝ լուծումներ ու նորարարություն առաջարկող։
Խոսենք դպրոցի մասին։
Առանձնացնենք՝ դպրոցն ու կրթական համակարգը ժամանակավրեպ չպետք է լինեն։
Այն միֆը, որ կրթական համակարգը կայուն է, ունի դարերով մշակված-կարծրացած մոտեցումներ, ծրագրեր, պետք է կոտրել։ Էստեղ չենք խոսելու կրթությամբ զբաղվող մարդկանց՝ նախորդների փորձին ծանոթանալու, կարևոր մանկավարժական մշակումներն ընթերցել-յուրացնելու, փորձն ու դիտարկումները հաշվի առնելու մասին։ Կարծում ենք՝ ակնհայտ է. ոչ մի նոր բան չենք կարող կառուցել առանց հիմքի՝ այն է՝ անցյալի փորձի ուսումնասիրման, մշակման։ Սակայն կարևոր մի հանգամանք անտեսում-շրջանցում ենք։ Փոխվում է մարդը՝ իր մտածելակերպով, պահանջներով, կրթական ակնկալիքներով, փոխվում է մարդուն շրջապատող աշխարհը, ու այս փոփոխությունները տեղի են ունենում ամեն օր ու ամեն ժամ։ Նոր մարդուն չի կարող սպասարկել հին կրթական համարգը. այստեղից էլ՝ կրթության և մարդու, կյանքի անջրպետը, որը երբեմն անհաղթահարելի է թվում։ Կրթությունը ծառայություն է, որը մատուցվում է մարդուն ներկա ժամանակով, որի և՛ փաթեթավորումը, և՛ բովանդակությունը, և՛ մատուցման ձևն ու չափը պետք է բավարարեն ներկայիս մարդու պահանջմունքներին, այն չի կարող բխել անցյալ մոտեցումներից։ Կրթությունն աշխատում է ներկայի համար ու անընդհատ նայում ապագային. սա անվիճելի է։ Կրթությունը չի կարող լինել անդեմ՝ այն պետք է ուղղված լինի կոնկրետ մարդուն՝ ծառայություն մատուցի կոնկրետ մարդու համար, բավարարի նրա պահանջմունքներին։
Կրթական ծառայություն իրականացնող ինստիտուտը չի կարող կտրված լինել սոցիումից։ Կրթությունը մարդու՝ անհատի, ուսումնասիրման ամենակարևոր ինստիտուտներից է։ Կրթություն իրականացնող մարդիկ գործող հոգեբաններ և մարդասերներ են։ Կրթական գործընթաց կազմակերպող մարդու հայացքը չի կարող անցյալին ուղղված լինել. այդ դեպքում կրթական գործընթացը ձախողելու վտանգը անխուսափելի է։ Անցյալի նոստալգիկ հուշեր կարող են ունենալ ծնողը, այլ շահառու, բայց ոչ կրթական գործընթաց իրականացնող անձը, որովհետև նոստալգիան հնարավորություն չի տա տեսնելու, կարևորելու ու ճանաչելու ժամանակակից մարդուն՝ իր կրթական պահանջմունքներով։