ԱՂԱՉՈՒՄ ԵՄ

Աղաչում եմ,-
Մի՛ վրդովվեք, եթե ասեն
Փառասերին հենց փառասե՜ր,
Ո՛չ թե համեստ.
Սրիկային՝ հենց սրիկա՜,
Ո՛չ թե ազնիվ.
Հեռակային՝ հենց հեռակա՜,
Ո՛չ թե ներկա:

Աղաչում եմ,-
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից.
Անկեղծ խոսքը չի սպանում,
Փակ խոցեր է միայն բանում։

Թե սոված եք և երեխա՝
Մի՛ վախեցեք լաց լինելուց.
Դե՜հ, քանի դեռ նա չի լալիս՝
Ծիծ չե՛ն տալիս։

Մի՛ վախեցեք
Ժանգոտ թասից ժանգ քերելուց.
Նա դրանից չի փչանա։

Մի՛ վախեցեք
Կեղծի մասին ճիշտ գրելուց.
Նա դրանից կքչանա։

Աղաչում եմ,-
Եվ թվաբա՜ն եղեք մի քիչ,
Բայց պայմանով այս ամոքիչ.
Ո՛չ թե ճշտին սուտ գումարեք,
Այլ բաժանեք սուտը ճշտին.
Ո՛չ թե վշտին գութ գումարեք,
Այլ բաժանեք գութը վշտին։
Եվ պարծեցեք ո՛չ թե հարցով.

Հպարտացեք լոկ լուծումով
Փակագըծի ճիշտ բացումով,
Մնացորդով
Ու քանորդով…

Աղաչում եմ,-
Եղեք նաև քիչ հոգեբան.

Եթե որդին տրտում երգով
Իր ծնողի մահն է սգում,
Աղաչում եմ, մի՛ ընդհատեք,
Ի՜նչ է թե նա… լա՛վ չի երգում…

Աղաչում եմ,-
Այս և նման այլ հարցերում
Երբևիցե ինձ չաղաչե՜լ…

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այսպէս ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Աւարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած՝ շունչերնիս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կը գանք՝
Երբ տան զանգը, ահազանգը՝
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

***
Մի գուցե մեզ էլ ա՛յս էր վիճակված.
Դու՝ քո զղջումի զնդանում փակված,
Ես՝ իմ զղջումի արջի ճանկերում,
Բանտարկվածի պես ետ — առաջ քայլել
Քո ծանոթ անվան երկու վանկերում…

Քո ծանոթ անվան երկու վանկերում
Բանտարկվածի պես քայլել ետ — առաջ.
Կրակը կողքիս՝ միշտ մնալ սառած.
Բաց դուռը դեմըս՝ բանտարկված մնալ,
Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ…

***
Լեռան գլխին իջած կապույտ երկնակամար,
Ծաղկած ափին փարվող մի լեռնային ալիք,
Տաք հողի մեջ նստած մի փոշոտված բալիկ,
Հիշողության մի տաք,
Տեղին արված կաքտակ.
Երեկ դեռ անծանոթ աղջկա հետ
Առանց հոգնածությաքն շրջել ամբողջ գիշեր,
Ինքնամոռա~ց այնպես, և — այնուհետ
Տոնի նման այդ օրն ամբողջ կյանքում հիշել.
Ձերոնց կողմից դրսում շահված մի մրցություն,
Քո քաղաքում հառնող մի հոյակապ նոր տուն,
ուր ձմռանը վառվող վառարանի հանդեպ
Տղադ պիտի կարդա հափշտակիչ մի վեպ,
Նա՛, որ խաղով այնքան երջանիկ է հիմա…

Սարսափում եմ ես լոկ հիմա

Դու ասում ես, թե սառել եմ,
Բոլո~ր-բոլոր կրակները ես վսռել եմ
Ու հիմա էլ… մթան մեջ եմ ես խարխափում:
Իսկ ես կասեմ. ես քայլել եմ,
Երբ որ մութ էր` ես փայլել
Բայց չեմ խափել ես ոչ ոչի ու չեմ խափում:

Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով,
Ո՛չ մի երգով կամ ակնարկով.
Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել էլ, բայց չեմ խաբել,
Երկու հարկով բարձր եմ ապրել,
Ցած եմ իջել երկու հարկով,
Իջել – ելել, սակայն երբեք չեմ խարխափել:

Թե երբևէ խարախափել եմ `
Խարախափում եմ ես լոկ հիմա,
Թե երբևէ սարասափել եմ `
Սարսափում եմ ես լոկ հիմա`
Միայն հիմա՛, երբ չգիտեմ`
Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս,
Միայն հիմա՛, երբ զգու՛մ եմ,
Հասկանո՛ւմ եմ ու սարսափու~մ,
Թե առանց քեզ, իմ կորա~ծս,
Այս աշխարհի ինչն է պակաս…

Մոր ձեռքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
այս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը…

Ավելորդ անհավատություն

Քո անունո՛վ, Մարիա՜մ,
Քո անունով՝
Այստեղ նահանջում է ձմեռն արագ:
Ամառն առանց հերթի՝
Գարունի՜ց էլ առաջ,
Նպաստով է ապրում՝ քո անունով…

Եվ այստեղ կա մեկը քո անունով:
Ու երդվում եմ ես քեզ քո՛ անունով,
Որ ատում եմ մի քիչ
Եվ սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով:

Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով.
Ինքը դո՛ւ չես, և նա… քո անունո՞վ:
Ուստի ատում մի քիչ
Ու սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան քո անունով:

Ես կանչում եմ նրան քո անունով
Ու տանջում եմ ես ինձ քո՛ անունով,
Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ.
Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ:

Բայց կանչում եմ նրան քո անունով,
Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում
Կանչում-կանչում էին ոգիներին բարի…
Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով:

Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա
Ու չի՞ լինում ո՛չ մի ոգի…

Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ,
Անհավա՛տ իմ,
Անհավատ եմ դառնում…քո՛ անունով:

ՄԻԱՆԳԱՄԻՑ

Ասում են, թե միանգամից կեանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին։

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ խելօքանան,
Զո՛յգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ երեքանան։
Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք,
Ո՞չ այսօրն է անցեալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք։

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպս է, ինչպես որ կայ։
Սակայն եթե իմ կեանքի մեջ գէթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում
Ու երազում։
Ես կասեի.
Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց…

ՔԻՉ ԵՆՔ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ 

Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք
Որ մե՛նք միայն մենք Արարատ ունենք
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել
Քարից շինել ձուկ եւ թռչուն՝ կավից
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտել
եղեցկի՛ն
Բարու՛ն
Վսեմի՛ն
Լավին
Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով
Պարզապես մահն է մեզ սիրահարվել
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ուր էլ որ հասել որտեղ էլ եղել
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ
Կապել ենք կամար
Ամեն տեղ հերկել
Հասցրել բերքեր
Ամենքին տվել մի՛տքառա՛ծ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից
Ամեն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք
Մեր հոգուց՝ մասունք
Եւ նշխար՝ սրտից

Մենք քիչ ենք այո՛ բայց կոչվում ենք հայ —
գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով
Հօգուտ արդարի եւ արեգակի
գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ — եւ կրակ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել
Բայց ուրիշներին միշտ էլ հարգելով

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Բայց մեզ էլ գիտենք —
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանանք

***

Եթե մեռնե՜լ…
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից…

Եթե մեռնե՜լ…
Թող սպանվե՛մ,
թող կործանվե՛մ
Այնպես ապրած և բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածնվեմ՝
Իմ անունո՛վ կնքեն նրանց…
Եթե գամվել՝
փարոսի՜ պես,
Արնաքամվել՝
հերոսի՜ պես,
Ու քրքրվել՝
դրոշի՜ պես…

Եթե մեռնե՜լ…
Բայց առայժմ ապրե՛լ է պետք:

***

Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս
Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում։
Եթե ասեղ է նա՝
Աչք է ծակում…

Դե´հ, ու՞մ լավ հայտնի չէ մեր իսկ թուլությունը.
Մենք բոլորս էլ մի քիչ փսփսուք ենք սիրում։
Իսկ գեղեցիկ սեռի դրությունը
Շա՛տ է նախանձելի այս հարցերում։
Ոմանց համար արդեն դա մի թուլություն է,
Ինչպես ջուր խմելը, հաց ուտելը…
Պատկերացրեք հիմա դուք մեր դրությունը։
Պարզ է. հայտնի դարձավ և մեր սերը։
Ուրիշները դարձան կիսով նրա տերը.
Եվ այս, և այն կողմից տնտըղեցին նրան,
Մերթ թաղեցին նրան,
Մերթ պեղեցին նրան:
Ուրիշ խոսքով ասած՝
Նա մի դրոշ դարձավ,
Որ ո´չ թե ձեռքից-ձեոք – բերնից-բերա՛ն անցավ…

Չէ´, սսե՛ղ չէ սերը, որ թաքցընես,
Իսկ թե ասեղ է նա՝
Աչք է ծակում.
Իսկ թե ասեղ է նա,
Հենց թաքցընես՝
Քո ցանկությանն ընդդեմ կհագցընես
Պոչից երկա՛ր մի թել,
Որ երևա´ իսկույն։
Մենք ասեղը թելել բնավ չենք էլ փորձել:
Բայց ի՛նչ…
Դուրս է գալիս՝
Հիմար բան ենք գործել.
Կարելի է, ինչ խոսք, սիրահարվել,
Միայն… հարկավոր էր խելոք վարվել,
Սուսի՛կ – փուսի՛կ այնպես…

Աստվա´ծ վկա, այսպես
Չէ՞ որ կարելի է անգամ խելագարվե՛լ։
Ախար իմ ի՛նչ գործն է՝ մարդիկ ո՞նց են անում։
Իմ ի՛նչ գործն է.
Մարդիկ շա´տ բաներ են անում,
Հազար ու մի տեսակ վա´տ բաներ են անում,
Ես գործ ունեմ մարդկա՛նց,
Ո´չ թե ամեն կարգի նրանց արարքի հետ.
Ես գործ ունեմ սիրո՛,
Ո´չ թե թաքուն կապի հրայրքի հետ.
Միայն աղբյուրի՛ հետ հավերժախոս ու ջինջ,
Եվ ո´չ հոսանքի հետ հեղեղային.
Եվ ո´չ երբեք մոր հետ այն տղայի,
Որին չար ընկերն է խաղում դաղում.
– «Է՛յ, բի´ճ…»

Չես հավատում

Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ քո, ո՛չ իմ անցյալին.
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին։

Դու կարծում ես, որ ամեն ինչ, ողջը սուտ էր մեր միջև,
Ճիշտ էր միայն երկար ճամբան՝ լիքը փշեր ու խճեր:

Ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն —
Իզու՜ր էին մեր սրտերը սպասումից թփրտում։

Ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,–
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո պղինձ, վերջը՝ կավ…

Ես տեսնում եմ ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով։

Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,
Քեզ ամեն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր։

Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,–
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում…

Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով…

ՊԱՏԱՆՔԻ ՊԱՏԱՆՔԸ

Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜:
Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
Բայց Սահարայի ավազն իսկապես
Շինարարական շաղախ չի՜ դառնում.
Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
Հարկավո՜ր ավազ:

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է…(բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը չե՛մ ասում):

Թե բավական է՝
Հուղարկավորման լռությամբ լռենք
Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
Սին պատրանքների ճակատի համար…

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,
Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),
Որ տարածվում է… խոնավության պես
Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:

Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք
Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,
Պատրա՜նք պատանքում:

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
Այլ սուրբ ավյուն է
Ու սուրբ արյուն է,
Որ պիտի տա ծիլ
Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
Այլ իբրև … պատա՜նք,
Որ… պատառոտվի պատանք-պատրանքը
Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
Նո՜ր ոգին, տղերք,
Նո՛ր ոգին, նո՜րը…

ԿՈՐՑՐԵՑԻ ԵՎ ԳՏԱ

Եվ սկսվում եմ կարծես
Ու գալիս եմ այնտեղից,
Ուր շողերը տակավին բազմագույն են,
և որտեղ
Քամիներն են գոյանում…
Կորցրեցի և գտա…
Ու ձեռքերըս համրացած
Սկսում են նորից-նոր հնչեղություն ստանալ…
Եվ հավատում եմ նորից,
Որ այս անգամ ես ու դու
Կկառուցենք վերջնական բաբելոնյան աշտարակ`
Մի°շտ խոսելով նո°ւյն լեզվով…
Ու չեմ անցնում այլևս քնի կողքով։
Ես հիմա,
Արդեն հոգնած, բայց հանգիստ՝
Մե՛կ վայրկյանում կքնեմ արշալույսի ձեռքերին,
Մանկան նման անխռով…
Ու դեռ եթե չեմ քնում,
Ապա լոկ այն պատճառով,
Որ զգում եմ, թե հիմա ես կարող եմ և կանեմ
Ա՛յն, ինչ անվերջ կամեցել և ուզել եմ ո~ղջ կյանքում.
Խոսել առանց որևէ բաղաձայնի՝ղողանջել
Համատարած — համասփյուռ ձայնավորո°վ միմիայն…
Ու ժպտում եմ ես կրկին,
Ու բարի եմ ես այնքան,
Որ կարող եմ նմանվել այն արագիլ թռչունին,
Որին հարց են երբ տվել,
Թե ինչո±ւ է նա կանգնում իր մի ոտին շարունակ,
Պատասխանել է այնպես.
Կարծես թե ես եմ հուշել,
— «Որպեսզի բեռն աշխարհի թեթևանա գեթ մի քիչ¦…
Եվ այս բոլորը՝
միայն
Երկու բառի շնորհիվ.
— և …

ԿԱՐԾՈԻՄ ԵՄ

Ես կարծում եմ. երբ խ որ վերքից
Մարդ ժպտում է համառությամբ,
Այդ ժպիտը վերջ ի վերջո
Փոխարկվում է ծամածռության…

Ես կարծում եմ, երբ որ ջուրը
Վարարում է, ելնում ափից,
Թույլտրվություն չի վերցնում
Իրեն հսկող նեղ քարափից …

Ես կարծում եմ. պաղն ավելի
Լավ ես զգում ամռան շոգին,
Դողն ավելի լավ ես զգում
Ձմռան բքին…

Հողն ավելի լավ ես զգում
Այն ժամանակ,
Երբ նա հանկարծ տատանվում Է
Քո ոտքի տակ…

Անուղղելին

Ես զբաղված եմ քո պակասները լրացնելով,
Արբունքահասիդ նորի°ց ու նորի~ց վերածնելով:

Ամենից առաջ `անունդ եմ փոխում. օտա°ր մի անուն,
Իսկ ինքդ` այքան հա~յ ու հարազա°տ:եվ չեմ հասկանում,
Թե այսքան տարի ինչպե±ս ես եղել դեռ անչափահաս,
Եթե ես վաղու~ց սպասել եմ քեզ ա°յս տեսքով ահա:

Հետո ` ուզում եմ ուզացս անես առանց իմ խոսքի:
Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից
Ու տան~լ –տանե~լ , իմ տանջված – խանձված երեսին կապել:
Ուզում եմ նաև մատներիտ տեսքով նոր մոմեր թափել,
Այսինքն ` լապեր, որ պիտի լույս տան գիտե±ս մենակ ում.
Լոկ սիրողների~ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:

Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,
Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,
Մեջքդ թողնում եմ այնպես, ինչպես կա,
Իսկ ամբողջ մարմնիդ` մի~ քիչ լիքություն:

Փոխում եմ նաև…Շա~տ բան եմ փոխում ու սրբագրում.
Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:
Շա~տ բան եմ ուղղում , շատ ու շատ բան էլ դեռ ուղղե°մ պիտի,
Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու …լոկ քո ժպիտին:

Ա~խ այդ ժպիտը, այդ անուղղելի°ն, որով ժպտալիս
Քո եղած — չեղած պակասներն են դու մոռանալ տալիս…

«Գժվել»
Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
«Գժվե՞լ է, ի՜նչ է»:
Իսկ ես էլ կասեմ.
«Այո, գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել»:
Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա շահած մարտ:
Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի` ջուրը չի եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում`
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկիրն է պտտում`
Գժված է անշուշտ…
Սերմերը մինչև կարգին չգժվեն`
Բերք չեն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն`
Ձեռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`
Երգ չեն դառնալու…
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գիժ լինեի…

Խանդում եմ 
Ես խանդու՞մ եմ :

Անկեղծ ասած ,թե ամոթ չէ,
Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ
Այդ ահավոր խանդ կոչվածը.
Իմ մեջ , գուցե,բնությունից
Ինչ- որ բան ` անտեսված է,
Ուրիշ մի բան` տնտեսված է:

Ընդհամենը գիտեմ լոկ այն,
Որ ես այնտեղ ,որտեղ մարդիկ
Հավանաբար և խանդում են.
Բարկանում եմ – ոչ տևական,
Քմծիծաղում — անբնական,
Եվ … եղածը ես քանդում եմ:

Մեր խորտակված սերը վկա…

Զարմանում եմ
Ես, ճիշտ ասած, զարմանում եմ շա~տ բաներից,
Քիչ լավի հետ ~ ամեն տեսակ վատ բաներից,
Բայց ուզում եմ միայն մեկով բավարարվել `
Այն հոգնատանջ ճամփորդի պես այսօր վարվել,
Որ հոգնելով ճամփաներից`
Ջարդ ու փշուր կանգ է առնում
Եվ չի նայում առաջ, վար – վեր,
Ու հայացքով ետ չի դառնում –
Հոգնածորեն նայում է նա աննպատակ
Եվ այն տեսնում , ինչ ընկած է ոտքերի տակ:
Ու ես հիմա,
Որ անհարմար
Վատ բաների թավ անտառում ճամփորդելուց
Ջարդված – հոգնած`
Հանգստանում – թարմանում եմ,
Նրա պես էլ ակամայից ու ծուլորեն զարմանում եմ,
Որ –թռչնի պես – ճիշտ խոսքից է մարդը խրտնում,
Եվ ոչ երբեք սուտ խոստումի կրակոցից.
Լուսնի նման` արևից է նա սփրթնում
Եվ շիկնում է հրախաղի սառը բոցից…
Իսկ դուք `ինչպե՞ս:
Դու՞ք էլ `ինձ պես:

Է~հ, երևի, ինձ վրա եք զարմանում…

Ցտեսություն
Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց…

Հանդիպեցինք այդ ե՞րբ արդյոք,
Որ գնում ես , գնում արդեն:

Իմ գտնված – միակ մակդիր ,
Ամենաճիշտ բաղդատություն.
Դեռ նոր գտած ` թռչու՞մ ես դու մտքիցս արդեն:

Համ չեն զգում միայն բերնով:
Համ զգում են հոգով նաև:
Եվ գնու՞մ ես,գնու՞մ ես արդեն,
Որ հռչակի անհամությունն իրեն արքա
Ու դարձնելով հոգիս ոստան ու տնքացո~ղ աթոռանիստ,
Իշխի նաև իմ կեղեքվող ծայրամասու՞մ…

Եվ համբուրված իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր,
Ինչպես ցողի կաթիլները այն թփերին,
Որոնց վրա անհոգ քամին դասն է սերտում իր գժտության:
Ու ես անվերջ փորձ եմ անում
Իմ թափանցիկ լռության տակ պահվել մի կերպ:

Քո փեշերը փաթաթվում են գիրգ ծնկներիդ.
Խանգարել են ուզում կարծես , որ չգնաս:
Ծխախոտն է մեջս հազում:
Ստվերները հոտոտում են հողը կրկին.
Կամենում են կարծես զգալ
Անցած տեղիդ բուրմունքն անանց:
Քաղաքային փողոցների լույսերն աղոտ
Փոշոտ քամուց իրենց աչքերն են շուտ թարթում,
Ինչպես մարդը, երբ ուզում է լաց չլինել…

Քո պատճառով

Քո աչքերի°, քո աչքերի°, քո աչքերի° պատճառով
Իմ աչքերը ամբողջ գիշեր չեն փակվում:

Քո մատների,քո մատների,քո մատների պատճառով
Իմ մատները, իմ մատները լույս են ուզում խմորել:

Քո թևերի,քո թևերի,քո թևերի պատճառով
Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երևում:

Քո ծիծաղի, քո ծիծաղի, քո ծիծաղի, պատճառով
Իմ ծիծաղը,իմ ծիծաղը պաշտոնաթող է դարձել:

Քո քայլվածքի, քո քայլվածքի, քո քայլվածքի պատճառով
Լսողությամբ սահմանապահ, սահմանապահ~ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու – չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությունս հաղթողի…

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:

Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:

Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և — թա՜ց վարտիկով —
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы